Տպել այս հոդվածը

Ոճրագործների սպանությունը

Հայ վրիժառուները

Ինչու՞ էր դա ցեղասպանություն բաժնում արդեն նշվել է, որ 1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական տրիբունալը հեռակա կարգով մահապատժի էր ենթարկել Հայոց Ցեղասպանությունը իրագործած թուրք փաշաներին: Բայց այդ վճիռը տարբեր պատճառներով չիրագործվեց: Իսկ ոճրագործները մնացին անպատիժ:

Սակայն նրանց վիճակված չէր մեռնել սեփական մահով... Հայ վրիժառուների ձեռքով սպանվեցին Մեծ Եղեռնի կազմակերպիչ մի շարք թուրք նախկին պաշտոնյաներ, այդ թվում` Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Բեհաէդդին Շաքիրը, Թուրքիայի նախկին վարչապետ Սաիդ Հալիմը և այլոք: Իսկ Դոկտոր Նազըմը հետագայում կախաղան բարձրացվեց իր հայրենակիցների կողմից:

Այս սպանությունները իրագործած հայ վրիժառուների մեջ աչքի է ընկնում Սողոմոն Թեհլերյանը: Նա առաջինն էր, որ նման ծրագիր իրականացրեց, և միայն նա արդարացվեց դատարանում:


Սողոմոն Թեհլերյան

Թալեաթի սպանությունը

Soghomon Tehlerian Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում: 1915-ին` Ցեղասպանության ընթացքում կորցրել է իր ողջ ընտանիքը` ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախչել է Արևելյան Հայաստան: Մի քանի տարի անց վերադարձել է հայրենի Երզնկա, բայց չի գտել ոչ մի հայ ընտանիք...

Այնուհետև տեղափոխվել է Եվրոպական երկրներ, ԱՄՆ, ապա Շվեյցարիա և Գերմանիա` ուսում ստանալու, ինչպես նաև Թալեաթին գտնելու նպատակով: 1921 թվականի մարտին նրան գտել է Բեռլինում. փաշան թաքնվել էր Հարդենբերգ փողոցի վրա գտնվող մի տանը: Թեհլերյանը բնակարան է վարձել նրա տան դիմաց: Եվ մարտի 15-ին, պատուհանից տեսնելով Թալեաթին, դուրս է իջել տնից և ատրճանակի մի կրակոցով սպանել ոճրագործին:

Սպանության մեղադրանքով Թելհերյանը ձերբակալվել և դատարան է կանչվել: Հունիսի 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացքում ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի և Հայոց Ցեղասպանության պատմությունը, հիմնավորել է իր կատարած սպանությունը: Գերմանական դատարանը (նախագահ` դոկտոր Լեմբերգ) Թեհլերյանին անպարտ է ճանաչել:

Մինչև 1945 թվականը Թեհլերյանը բնակվել է Բելգիայում, ապա մեկնել է Սան Ֆրանցիսկո, ուր և մահացել է 1960-ին:


Ջեմալի սպանությունը

Ջեմալ փաշան եղել է Թալեաթի 2 հիմնական զինակիցներից մեկը: Նա իր մեծ մասնակցությունն է ցուցաբերել Հայոց Մեծ Եղեռնի կատարման մեջ: Նա նույնպես փախել Գերմանիա ու 1919-ին մահապատժի ենթարկվել: 1920-1922 թվականներին ռազմական խորհրդական է եղել Աֆղանստանում:
Այնտեղից Թուրքիա վերադառնալիս` 1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում նրա մահապատիժը ի կատար ածեցին հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը:

Էնվերի սպանությունը

Էնվեր փաշան, Թալեաթի ու Ջեմալի նման, եղել է երիտթուրքական կուսակցության ղեկավարներից և Մեծ Եղեռնի կազմակերպիչներից: Նրան են պատկանում այս խոսքերը. «առանց մի թուրք զինվորի կորստի, ես ոչնչացրի թրքության թշնամի հայերին»: 1918-ին` զինակիցների նման, փախել է Գերմանիա, ապա հեռակա կարգով մահապատժի ենթարկվել: 1921 թվականին գլխավորել է Միջին Ասիայի հակասովետական բասմաչական շարժումը, որտեղ և սպանվել է հայազգի Հակոբ Մելքումովի գլխավորած բանակների հետ կռվելիս:

Սաիդ Հալիմի, Բեհաէդդին Շաքիրի, Ջեմալ Ազմիի սպանությունը

Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սաիդ Հալիմը, Բեհաէդդին Շաքիր և Ջեմալ Ազմիի բեյերը իրենց մեծ մասնակցությունն են ցուցաբերել հայերի զանգվածային ջարդերին: Վերջին երկուսը հետագայում մահապատժի են ենթարկվել:
Սաիդ Հալիմը սպանվել է 1921 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Հռոմում, Արշավիր Շիրակյանի գնդակից, իսկ Բեհաէդդին և Ջեմալ Ազմի բեյերը՝ Բեռլինում, 1922-ի ապրիլի 7-ին, Արամ Երկանյանի և Արշավիր Շիրակյանի կողմից:



Ահա սրանք են այն հայ վրիժառուները, որոնք սպանեցին ցեղասպաններին, որոնց երբեք չի մոռանա հայ ժողովուրդը.