Ցեղասպանության ճանաչման լուրեր

Էջեր. 1 2 3 4
2010-03-11
Շվեդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ: Բանաձեւն ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ընդունված փաստաթղթում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են որպես ցեղասպանություն։ Բանաձեւում նշված է, որ Թուրքիայում իրականացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր։
2009-04-25
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը որակելով հայերեն բառերով՝ «Մեծ Եղեռն»:
Ուղերձի տեքստում մասնավորապես ասված է. ՙ94 տարի առաջ սկսվել է 20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկը: Ամեն տարի դադար ենք առնում` հիշելու համար 1.5 միլիոն հայերին, ովքեր հետեւողականորեն կոտորվել են կամ մահվան երթի տարվել Օսմանյան Կայսրության գոյության վերջին օրերին: Մեծ Եղեռնը պետք է մնա մեր հիշողության մեջ այնպես, ինչպես մնում է հայ ժողովրդի սրտերում:
2009-04-17
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ապրիլի 19-26-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված օրեր: Ընտրվելուց ի վեր, յուրաքանչյուր տարի նահանգապետը Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված օրեր է հայտարարում և հանդես գալիս ուղերձով:
2009-04-08
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հարազատ` Հավայան կղզիների նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը: Ներկայացուցիչների պալատի HR 192 բանաձեւով ապրիլի 24-ը հայտարարվել է «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
2009-04-07
Հարավային Ավստրալիայի Խորհրդարանի օրենսդրական խորհրդում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը` որպես «մարդկության դեմ մեծագույն հանցանքներից մեկի» ճանաչման բանաձեւը:
2008-05-05
Կենտուկկի նահանգի նահանգապետ Սթիվեն Բեշերը հռչակագիր է ստորագրել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը՝ (ANCA), Կենտուկկին դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 41-րդ նահանգը:
2008-04-24
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված արարողությանը, հայտնել է Կիպրոսի խորհրդարանի աջակցության մասին Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: Նա կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը եւ ներողություն հայցել հայ ժողովրդից եւ ողջ աշխարհից:
2007-10-11
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է չպարտադրող բանաձև, որը դարասկզբի հայկական ջարդերը որակում է որպես Ցեղասպանություն: Քվեարկությունն անցել է 27 կողմ, 21 դեմ ձայներով. Voice of America, Guardian, The Independent, New York Times
2007-08-23
ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական կազմակերպությունը փոխել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ եւ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն: Մանրամասներ. Haaretz (Իսրայել), Armtown